Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվի ժողովում իր ելույթի ընթացքում Լևոն Տեր–Պետրոսյանը հավանական է համարել հետագա իրադարձությունների զարգացման հետևյալ սցենարը.
«Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով՝ ձգտելով այդ եղանակով խթանել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը,
Հայաստանի խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու և փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից,
Այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը, միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը,
Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանում և Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատև ժամանակամիջոցում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության.
Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար, մերժելու է այդ խնդրանքը և, ընդհակառակը, Ղարաբաղի հարցում ավելի ևս մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա.
Ամենայն հավանականությամբ, շահագրգիռ ուժերը Հայաստանին հորդորելու են նաև առաջինը վավերացնել հայ–թուրքական արձանագրությունները՝ այն հիմնավորմամբ, որ դրանից հետո Թուրքիայի համար հեշտ չի լինի ձգձգել վավերացման գործընթացը.
Իրերի տրամաբանությամբ՝ մոտակա ամիսներին զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ–թուրքական հարաբերությունների, որքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, որովհետև, վերջին հաշվով, հայ–թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ իսկ Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը»։
Լևոն Տեր–Պետրոսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը զգայուն է, և այն մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջև։
«Բարդությունը մի կողմից՝ կայանում է նրանում, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից։ Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես առաջնորդվել և այսուհետև ևս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, և հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը։ Դժբախտաբար, նույնը չի կարելի ասել իշխանությունների մասին, որոնք համառորեն չեն ուզում օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման և ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու եւ արտաքին մարտահրավերները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը։
Ինձ համար անհասկանալի է հետևյալ առեղծվածը։ Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու։ XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ և իշխանատենչ հոգեւորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս, ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում, և դիմելով նրան ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տասը տարի (1681–1691 թթ.) հանգիստ գահակալում Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, և այդպիսով կանխվում է Հայոց եկեղեցուն սպառնացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսեւորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, ևս մեկ անգամ նման լայնախոհություն և իմաստնություն դրսևորելու», – իր ելույթը ավարտել է Լևոն Տեր–Պետրոսյանը։